Design a site like this with WordPress.com
Get started

Պատմության առաջադրանքների փաթեթ․ հոկտեմբերի 19-23

1.Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները>>

Հայաստանի տարածքային պահանջները

Հայաստանի խորհրդային իշխանության առաջ ծառացած էր իր ազգային տարածքների հիմնախնդիրը։

Անդրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող տարածքային վեճերը լուծելու համար գործում էր համապատասխան հանձնաժողով Ս.Կիրովի նախագահությամբ և երեք հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀԿ(բ)Կ Կենտկոմում կայացած խորհրդակցությունը լսեց արտգործժողկոմ Ա.Մռավյանի զեկուցումը «Ադրբեջանի և Վրաստանի հետ ներքին սահմանների հաստատման հարցի մասին»։ Զեկուցողի նախագահությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը զբաղվելու էր համապատասխան փաստաթղթերի պատրաստումով։ Տարածքային տարաձայնությունների լուծումն ու կարգավորումը կենտրոնացավ Անդրկովկասի կուսակցական ղեկավար մարմին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյում։

Թիֆլիսում կայացած Ս. Կիրովի հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Ալ. Բեկզադյանը առաջարկեց հաշվի առնել Խորհրդային Հայաստանի ծանր դրությունը և տարածքային զիջումներ անել. Հայաստանին միացնել հայկական հոծ զանգվածներով բնակեցված շրջանները՝ Ախալքալաքը, Լոռին, Լեռնային Ղարաբաղը և այլն։ Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։ Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Ս. Կիրովը։ Համաձայնություն չկայացավ նաև վրաց-ադրբեջանական վիճելի հարցերում։ Հայաստանի ներկայացուցչի առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրո։

Հայկական տարածքների հարցը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերում։

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժի կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։

Ռուսաստանը Հայաստանին հրավիրեց մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, բայց Թուրքիան առարկեց հայկական պատվիրակության մասնակցությանը։

1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914 թ. սահմանների վերականգնում։ Սակայն այդ բոլոր հարցերը նախապես համաձայնեցվել էին բանակցող կողմերի միջև հօգուտ Թուրքիայի։ Թուրքերի կողմից Միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառի փոխանակություն։

Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։

Այսպիսի անարդարացի պայմանագրի ստորագրումով և կատարած զիջումներով Ռուսաստանը ձգտում էր ձախողել թուրք-անգլիական մերձեցումը։ Բացի այդ, Ռուսաստանը հույսեր ուներ, որ Թուրքիայի միջոցով հեղափոխությունը կտարածվի Արևելքում։ Բոլոր պարագաներում ոտնահարվեցին և անտեսվեցին հայ ժողովրդի կենսական շահերը։

Լոռու և Ախալքալաքի խնդիրը

Տարածքային այս հարցերը կարևոր տեղ էին գրավում հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։

Տարածքային այս հարցերը կարևոր տեղ էին գրավում հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացումը։ Այս բոլոր իրադարձություններին հետևում էր Վ. Լենինը, ինչը վկայում էր դրանց կարևորության մասին։ Ապստամբությունը ղեկավարելու համար Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց շտաբ Հովսեփ Լազյանի ղեկավարությամբ։ Կազմակերպվեց Ղարաքիլիսայի հատուկ նշանակության ջոկատ, որն անմիջականորեն զբաղվելու էր ապստամբությամբ։

Ապստամբությունն սկսվեց 1921թ. փետրվարի 11-ին, տևեց ընդամենը 3 օր և ավարտվեց ապստամբների հաղթանակով։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։ Խորհրդայնացվեց նաև Վրաստանը (1921թ. փետրվարի 25-ին), որով ավարտվեց Ռուսաստանի ազդեցության տարածումն ամբողջ Անդրկովկասում։

Հայ-վրացական տարաձայնությունների մյուս բնագավառը Ախալքալաքի պատկանելության խնդիրն էր, որի լուծումը Հայաստանը պահանջում էր կատարել իր օգտին։ Սակայն Խորհրդային Վրաստանը համաձայն չէր դրան և պնդում էր, քանի որ Լոռին տրվեց Հայաստանին, ուստի Ախալքալաքը պետք է լինի Վրաստանի կազմում։ Այդ ոգով էլ ընդունվեց որոշում 1921թ. հուլիսին։

Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրները

Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմն ընդունեց դեկրետ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս տարածքային վեճեր գոյություն չունեն, որ Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարվում են Հայաստանի անբաժանելի մասեր։ Ելնելով Ադրբեջանի հեղկոմի որոշումից՝ Հայաստանի ՍԽՀ հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 24-ին հռչակագիր ընդունեց Նախիջևանի մարզի ինքնորոշման մասին։ Սակայն թուրք-թաթարական (ադրբեջանական) ազգայնամոլ առաջնորդների հրահրումով հայոց պատմական Նախիջևանի մարզում իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները։ Մոսկվայի պայմանագրով այն անցավ Ադրբեջանին։ Տասնամյակներ շարունակ, հատկապես խորհրդային իշխանության տարիներին, մարզում հայերի թիվն անընդհատ նվազել է, տեսակարար կշիռն ընկել՝ 1916թ. 40 տոկոսից իջնելով 1926թ. 10,8 և 1979թ. 1,4 տոկոսի։ Այժմ Նախիջևանը լրիվ հայաթափված է։

Զանգեզուրի հարցը

Երկրամասի հետագա ինքնապաշտպանության ու հեռանկարների համար Հայաստանի խորհրդայնացման շնորհիվ քաղաքական նոր իրադրություն ստեղծվեց։

Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։

1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն՝ Ինքնավար Սյունիք, մինչև պարզ կդառնար Հայաստանին միանալու հնարավորությունը։ Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ. ապրիլի 27-ին դարձյալ Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան։ Համագումարի կազմը հայտարարվեց Լեռնահաաստանի պառլամենտ։ Լեռնահայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանի վարչապետությամբ։

Նորանոր դիմումներ էին արվում Նժդեհին և շարունակվում բանակցությունները նրա հետ՝ կռվին վերջ տալու համար։ Դրա հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների։ Այդ ուժերը 1921թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ։ Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքը։ Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ կողմնակիցներով թողեց Սյունիքի ու Հայաստանի սահմանները, հեռացավ դեպի Պարսկաստան, ապա բնակություն հաստատեց Բուլղարիայում։

Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար։ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն։ Դրա շնորհիվ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի սահմաններում։

Արցախի խնդիրը

Այլ ընթացք ու վախճան ունեցավ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Գարեգին Նժդեհը շարունակում էր պնդել Լեռնային Ղարաբաղի միացման պահանջի վրա՝ որպես իր պայքարը դադարեցնելու պայման։ Հայաստանի կառավարությունը 1921թ. հունիսի 12-ին ընդունեց որոշում և արեց հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանի ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմվանից կազմում է Հայկական ԽՍՀ անբաժան մասը»։ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար նշանակվեց Ասքանազ Մռավյանը։ Սակայն Ադրբեջանն արգելակեց այդ որոշման կատարումը։

Գ. Օրջոնիկիձեն և Ս.Կիրովը Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովին խորհուրդ էին տալիս Լեռնային Ղարաբաղի հարցում ղեկավարվել էթնիկական սկզբունքով, այն է՝ ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին և, հակառակը, ոչ մի ադրբեջանական գյուղ չմիացվի Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չէր համարում էթնիկական սկզբունքով սահմանաբաժանումը։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրվեց Կովկասյան բյուրոյի պլենում, և նրա հուլիսի 4-ի նիստում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Վերջապես ընդունվել էր արդարացի և օրինական որոշում Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին։ Այդ որոշման դեմ բողոքեց Ն. Նարիմանովը, որից հետո հարցի լուծումը փոխադրվելու էր ՌԿ(բ)Կ Կենտկոմ (Մոսկվա)։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, վերանայվեց այդ որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը թողնվեց Ադրբեջանի սահմաններում։ Դա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ նրա տնտեսական կապերով։ Լեռնային Ղարաբաղը դառնալու էր ինքնավար մարզ՝ Շուշի կենտրոնով։ Որոշման այսպիսի շրջադարձային փոփոխությունը, ըստ երևույթին, կապված էր Ի. Ստալինի միջամտության հետ։ Այսպիսով, ղարաբաղյան հարցի լուծումը պատճառաբանվեց միայն տնտեսական գործոններով՝ անտեսելով ազգայինը։

Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը բնականաբար խիստ դժգոհ էին որոշումից և արտահայտեցին իրենց անհամաձայնությունը, սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ Հայրենի երկրին միանալու ձգտումով համակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բողոքի ձայնը չլռեց նույնիսկ ստալինյան բռնատիրության տարիներին։ Մեր օրերում նա ստիպված էր զենքով պաշտպանել իր արդարացի իրավունքները։

Տարածքային հարցերի «լուծումից» հետո հնարավոր համարվեց կատարել Անդրկովկասի հանրապետությունների միջպետական հստակ սահմանագծում։ Ստեղծվեցին միայն հայ-վրացական և վրաց-ադրբեջանական պայմանագրեր։ Հայ-վրացական պայմանագիրը Թիֆլիսում ստորագրել են Հայաստանի ԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալ. Մյասնիկյանը և Վրաստանի ԽՍՀ Հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանին։ Դրա համաձայն Վրաստանի կազմում մնաց Ախալքալաքի շրջանը, իսկ Հայաստանի կազմում՝ Լոռին։

2.Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1- Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և Վրաստանը
2-Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա տարածքային խնդիրները
3-Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և խորհրդային Ադրբեջանը
4- Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային խնդիրները
5-Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ Գ․ Նժդեհի ծավալած հերոսական պայքարը Զանգեզուրում
6- Ներկայացրե՛ք և լուսաբանե՛ք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Կատարե՛ք համեմատություն։

1- Տարածքային ինչպիսի՞ խնդիրներ ունեին ՀՍԽՀ-ն և Վրաստանը

Լոռու և Ջավախք խնդիրները։

2-Ինչպե՞ս լուծվեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա տարածքային խնդիրները

Քանի որ Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում լքել Լոռին՝ որոշվում է կազմակերպել ապստամբություն։ Ապստամբությունն սկսվեց 1921թ. փետրվարի 11-ին, տևեց ընդամենը 3 օր և ավարտվեց ապստամբների հաղթանակով։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։ Խորհրդայնացվեց նաև Վրաստանը (1921թ. փետրվարի 25-ին), որով ավարտվեց Ռուսաստանի ազդեցության տարածումն ամբողջ Անդրկովկասում։

3.Վերլուծե՛ք

Ինչու՞ Խորհրդային Ռուսաստանը որդեգրեց այնպիսի քաղաքականություն, որում չլուծված մնացին Հայաստանի տարածքային խնդիրները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: