«… Եթե այսօր Հայաստանի թանգարանը հպարտանում է իր մի քանի կտավներով, որոնք եվրոպական դպրոցներին են պատկանում, և Կորկանովի ու Ազգագրական Ընկերության հավաքածուներով, այդ բոլորի համար բացառապես պարտք են Հովհաննես Թումանյանի գործադրած ջանքերին: 1921 թ. Վրաստանի խորհրդայնացման առաջին օրվանից Թումանյանը մի կողմ կանչեց «Հայարտան» մի քանի վստահելի անդամների և ասաց.
— Էս անիրավները հայ ժողովրդին պիտի թալանեն թուրքերից էլ վատ: Ջահնամը-գոռը, հայ հարուստի փողն ու տունը թող առնեն, և նրանք արժանի են էդ վերաբերմունքին: Բայց պետք է աշխատել փրկել գեղարվեստական արժեքները: Դե, ձեզ տեսնեմ, ղոչաղներ, փնտրեք, գտեք, թե ուր ինչ կա և ինձ լուր տվեք: Մնացածը իմ գիտնալիքն է:
Եվ, իսկապես, Հովհաննեսը դարձավ նշանավոր քոնթրաբանդիստ ու գիշերով փախցնել տվեց Մանթաշևի, Մելիք-Ազարյանի, Միլովի և Պողարջյանի տներում գտնված արժեքավոր նկարները: Բայց իրերը փախցնելը քիչ էր, պետք էր դրանք փոխադրել Խորհրդային Հայաստան: Իսկ դա գրեթե անկարելի էր: Վրացիները Սադախլու կայարանում խուզարկում էին առանց բացառության բոլոր ճամփորդներին, թեկուզ նա լիներ Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը:
Այդ ժամանակ արդեն Ալեքսանդր Մյասնիկյանը եկել էր Կովկաս: Լինելով Հայաստանի կառավարության նախագահը, նա միևնույն ժամանակ կովկասյան Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր, և այդ վերջին հանգամանքի շնորհիվ նրա գնացքը խուզարկվելու վտանգից զերծ էր: Ու երբ այդ պարագան իմացավ Թումանյանը, դիմեց Մյասնիկյանին, որպեսզի այդ իրերը փոխադրեն Հայաստան: Մյասնիկյանը ոչ միայն համաձայնեց, այլև իր ավտոմեքենաներից մեկը դրեց Թումանյանի տրամադրության տակ, քանի որ այդ մեքենան էլ անձռենմխելի էր, որովհետև իր վրա կրում էր զինվորական խորհրդի զինանշանն ու դրոշը…»
Թումանյանի համար կարևոր է եղել մեր ազգային արժեքների պահպանումը:Նույնիսկ մահվան սպառնալիքի տակ ,նա փորձել է փրկել և հայրենիք վերադարձնել մեր բացառիկ արվեստի նմուշները: